Հանրագիտարան

Բայկալ լիճ

Երկարությունը`   636 կմ է
Ամենամեծ լայնությունը 79,4 կմ է
Միջին լայնությունը՝ 48 կմ
Մակերեսը՝ 32500 քառ կմ
Առավելագույն խորությունը լճի միջին մասում`   1741 մ:

Բայկալ (ռուս.՝ Байка́л), տեկտոնական ծագման լիճ Ռուսաստանի Դաշնությունում`   արևելյան Սիբիրի հարավում: Բայկալն աշխարհի ամենախորը լիճն է: Այն նաև աշխարհի քաղցրահամ ջրի մեծագույն պահեստավայրն է: Բայկալ լճի ափին է գտնվում Իրկուտսկ քաղաքը:

Բայկալի ջրի ծավալը 23600 խոր կմ է, որը 95 անգամ շատ է Ազովի ծովի ջրի ծավալից: Բայկալի ափերին կան մի շարք դարավանդներ (2-8մ, 20-25մ, 50-85մ, բարձրության), որոնք կապված են լճի մակարդակի իջնելու հետ: Օրինակ հյուսիսում ափը խոշոր բարձրացումների շրջան է, որի մասին են վկայում կանյոնաձև նեղ հովիտները և գետերի սահանքները: 

Լիճը կարելի է բաժանել 2 հիմնական իջվածքների՝
  1. հյուսիսային՝ ամենաքիչ խորության իջվածքը, սկսած Օլխոն կղզուց և Ակադեմիական ստորջրյա լեռնաշղթայից մինչև լճի հյուսիսային ծայրը, որը մորֆոլոգիական տեսակետից միանգամայն միակերպ է, ունի 983 մ ամենամեծ խորություն
  2. հարավային իջվածք, որն ընդգրկում է լճի Սելենգայի դելտայից հարավ ընկած մասը (ամենամեծ խորությունը 1436 մ է):
  3. և ամենախորը`  Միջին Բայկալը, 1000 մ միջին և 1741 մ մաքսիմալ խորությամբ:

Բայկալի վտակների ընդհանուր թիվը հասնում է 336-ի, որոնցից սնուցման համար ամենից մեծ նշանակություն ունեն խոշեր գետերը՝ Սելենգան, Տուրկան, Բարգուզինը, Վերին Անգարան, Կիչերան և Գոլուստնայան, իսկ մյուս բոլոր վտակները համեմատաբար վերջերս են առաջացել և հանդիսանում են լեռնային փոքրիկ գետակներ՝ հոսքի աննշան մեծությամբ: 

Ջերմաստիճանների տարեկան փոփոխություններում գլխավոր մասնակցությունն է ունենում միայն 200-250 մ հաստության ջրաշերտը, ավելի խորը՝ մինչև հատակ ընկած շերտերը, բնորոշ են ըստ խորության ջերմաստիճանների աստիճանաբար անկումով: Հետաքրքրական է, որ ամենամեծ խորություններն ունեն ջրի ոչ թե 4º, այլ 3-1º, որը կախված է այդ խորությունների վրա եղած հսկայական ճնշումից, որտեղ 3º,1º ջերմաստիճանի ջուրն ավելի խիտ է լինում, քան մակերեսի 4º-ի ջուրը: Սառցակալման ժամանակ մակերեսային շերտերը մաքսիմալ չափով են սառչում: Մարտից սկսած սառույցի միջով անցնող արևի ուժեղ ճառագայթներով լճի մակերեսային շերտերն սկսում են տաքանալ: Հունիսին քամիների ազդեցության տակ ջրերի շրջանառությունը ընդգրկում է ավելի խորը շերտեր, ուստի և ջերմաստիճանի բարձրացումը բացառիկ դանդաղությամբ է կատարվում, չնայած օդի ջերմաստիճանի և ջերմության ընդհանուր աճին: Որոշակի արտահայտված ուղիղ ստրատիֆիկացիա հաստատվելուց հետո խորքային զոնայի հետ տեղի ունեցող ջրափոխանակումը դանդաղում է, և ջերմային ստրաբիկացիան մի որոշ ժամանակ ավելի է կայունանում:Դրանից հետո մակերեսային ջրի ջերմաստիճանը խիստ արագությամբ աճում է, այնուամենայնիվ մնում է ցածր, իսկ խորքի ջրային մասսաները շատ դանդաղ տաքանում են: 

Բայկալն ունի ինքնատիպ կենդանական աշխարհ, որը բացատրվում է առաջին հերթին լճի հին ծագմամբ: Կենդանական աշխարհի նշանավոր հետազոտող Մ. Մ. Կոժովը Բայկալի կենդանական աշխարհը բաժանում է մի քանի գենետիկ խմբերի՝
  • ժամանակակից սիբիրաեվրոպական ֆաունայի ներկայացուցիչներ, որոնք ապրում են Բայկալի հարևան ծանծաղ լճերում կամ գետերում: 
  • Հոլարկտիկական մարզի կենդանիների սերունդներ, որոնք հաստատվել են Բայկալում պլիոցենի վերջում և պլեյստոցենի սկզբում:
  • Կենտրոնական Ասիայի ջրավազանի հնագույն կենդանիներ, որոնց մեջ շատ են էնդեմիկ տեսակները:
  • Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի իմիգրանտներ: 

Այժմ մասնագետների կարծիքով լճի կենդանիների մեծամասնությունը առաջացել է հենց Բայկալում՝ ֆաունայի էվոլյուցիայի երկարատև ավտոխտոն պրոցեսների հետևանքով, լճի խորացման մեծության ազդեցության, ջերմաստիճանային ռեժիմի փոփոխության, ջրի քիմիական կազմի և այլ պատճառներով: Այստեղ հանդիպում են ավելի քան 1300 տեսակ կենդանիներ և մոտ 600 տեսակ ջրային բույսեր: Այսպիսի բազմազանություն չկա որևէ այլ լճում: Կենդանիների 82%-ը էնդեմիկ է: 
Հաշվում են մոտ 300 տեսակ ինֆուզորիաներ, 84 տեսակ փափկամարմիններ, 52 տեսակ ձկներ: Էնդեմիկությունը թափանցում է Բայկալում հանդիպող կենդանիների բոլոր խմբեր և ընդգրկում է ոչ միայն տեսակներ ու սեռեր, այլ նույնիսկ ընտանիքներ: Կաթնասուններից էնդեմիկ է Բայկալյան փոկը: Բայկալում ապրող ձկների  տեսակներից 14-ը էնդեմիկ են: Առանձնապես աչքի են ընկնում անուշահամ ջրերի 2 էնդեմիկ ընտանիքներ՝

  1. Cottocomephoridae (7 ցեղ, 12 տեսակներով)
  2. Comephoridae (1 ցեղ, 2 տեսակներով):
Գործնական ամենամեծ նշանակություն ունի սաղմոնազգիների ընտանիքից բայկալյան օմուլը, որը ձմեռն ապրում է 400-800 մ խորություններում, գարնանը մոտենում է ափերին և ամբողջ ամռանը մնում է ծանծաղուտում, ագահորեն սնվելով պլանկտոնով, հատակի ֆաունայում՝ ցուլիկների խավիարով: Օմուլն ունի համի բացառիկ բարձր հատկություններ: Մյուս սաղմոնազգիներից Բայկալում ապրում են՝ զամրիկը, սիբիրական սալմոնը, լինոկը: Մյուս բոլոր ձկները պատկանում են սիբիրական սովորական ֆաունային և տեղական անունով կոչվում են «սորային» ձկներ: Բայկալի փափկամորթների ֆաունան շատ հարուստ է: Հայտնի է մոտ 30 տեսակ, որոնց մեջ կան քաղցրահամ ջրերում ապրող 2 էնդեմիկ ընտանիք՝
  1. Bencdicitidae
  2. Baicalitdae:

Բայկալն իր հրաշալի բնությամբ Սիբիրի ապագա առողջարանն է: Այստեղ մեծ է արևոտ օրերի թիվը և հիանալի շատ լողափեր կան, օդը հարուստ է թթվածնով, իսկ հանքային աղբյուրները իրենց բուժիչ հատկանիշներով բոլորովին չեն զիջում Կովկասի հռչակավոր բուժիչ ջրերին:

Լճին հարող տարածքը յուրացնելու կապակցությամբ Բայկալի ճակատագրի մասին հաճախ են խոսում տագնապով, ջրավազան, որը դարձել է Ռուսաստանի հպարտությունը:

Բայկալի ափին 60-ականներին կառուցվել է թղթի-ցելյուլոզի երկու հզոր կոմբինատ, որոնց կեղտաջրերը լցվում են անմիջապես լիճը: Բայկալը տարեց տարի ավելի ու ավելի անհրաժեշտ է դառնում մարդուն: Մոտ ապագայի խնդիր է՝ նրա հարստությունները ծառայեցնել մարդուն:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: